Մայրաքաղաքի թատրոններում, մշակութային կենտրոններում այս օրերին երիտասարդ արվեստագետները ներկայացնում են իրենց աշխատանքները: «Արտֆեստ» երիտասարդական հանրապետական երկրորդ բաց փառատոնը մեկ տանիքի ներքո է համախմբել թատերական արվեստը, կինոարվեստն ու կերպարվեստը:
ԵԿԹՊԻ-ի ռեկտորի պաշտոնակատար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ բնորոշմամբ` արվեստը նորանում է նոր անուններով, երիտասարդ արվեստագետներն ուզում են հայտարարել իրենց մասին. «Ամենակարևորը ստանդարտներից դուրս մտածելն ու ստեղծագործելն է: Դա ենք սպասում երիտասարդ արվեստագետից: Պրոֆեսիոնալ հասունության խնդիր կա, ինչը բնական է: Կարևոր է տեսնելը, թե ինչպես են իրենք այս ժամանակի մեջ իրենց անունից խոսում»:
Անդրադառնալով մեր` «Փառատոների մերօրյա բազմազանության մեջ ինչո՞վ է առանձնանում «Արտֆեստը»» հարցին` Դավիթ Մուրադյանն ասաց, որ եթե փառատոնն ունենում է իր հստակ արտահայտված պրոֆիլը, ապա արդարացված է իր գոյությամբ. «Այս փառատոնը խնդիր ունի, զուտ երիտասարդական է, երիտասարդ արվեստագետների ինքնադրսևորման հնարավորություն է»:
Կարծիք կա, որ փառատոնները շատ են ու կարելի է դրանք համատեղել: Անդրադառնալով այս դիտարկմանը` պատասխանեց. «Եթե նկատի ունեք, որ կինոփառատոներն են շատ, վատ չէ, որ ունենք անիմացիոն կինոփառատոն, երիտասարդական, «Ոսկե ծիրան» ունենք, «Կին» փառատոն: Դրանք բոլորը մշակութային կյանք են, բազմազանություն: Ովքեր կդիմանան քննությանը, հասարակական պահանջվածություն կլինի, կշարունակեն, մի մասը դուրս կգան ասպարեզից: Թողնենք` կյանքը լուծի այդ խնդիրը»:
«Չայած փառատոների շատությանն ու մշակութային կյանքի բազմազանությանը` կինոարտադրությունը չի զարգանում Հայաստանում»՝ նկատեցի: «Արտադրությունը զարգանում է, կինոարվեստը խնդիրներ ունի»,- հակադարձեց պարոն Մուրադյանը:
«Արտ-ֆեստն» այս տարի կրում է «Մեկ տանիքի ներքո» խորագիրը: Նվիրվում է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, «Արտ-ֆեստ» փառատոնի հիմնադիր Արմեն Մազմանյանի հիշատակին:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ